Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքում նախատեսվում է կառուցել կեղտաջրերի մաքրման կայան՝ բնահեն լուծումներով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում EU4Sevan+ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի մաքրման կայան։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,   Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն  ընդունել է   Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին՝ Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսին, EU4Sevan+ ծրագրի ղեկավար Նիլս Թևսին, խորհրդատուներ Մարտին Յեգերին, Կարապետ Օհանյանին և Վարազդատ Սարգսյանին։

Այցի նպատակն էր՝ ներկայացնել և քննարկել Վարդենիս համայնքում բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի ապակենտրոնացված մաքրման համար ընտրված տարածքները, ինչպես նաև՝ շահառու կողմերի հետ համակարգել ծրագրի իրականացման հաջորդ քայլերը։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է պատվիրակության անդամներին, շնորհակալություն հայտնել  այցելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համայնքի կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում։ Հանդիպումն անցել է գործընկերային և կառուցողական մթնոլորտում։

Գեղամա  աշխարհ

12 դիտում