
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են պատմության հուշարձանների հանրահռչակման միջոցառումներ։
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝ թանգարանում անցկացվել է տեղեկատվական միջոցառում «Նորատուսի խաչքարերը» թեմայով։ Միջոցառմանն ակտիվ մասնակցություն են ունեցել Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ ի ուսանողները, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան N2 և Գավառի Մնացական Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցների աշակերտները։ Թեման ամփոփվել է խաղ-վիկտորինայի միջոցով։
Թանգարանը հյուրընկալել է Պորտուգալիայի Հանրապետության Էվորա համալսարանի Հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսային, ով արտահայտել է իր երախտագիտությունը և կիսվել տպավորություններով։

Թանգարան են այցելել Գավառի բժշկական քոլեջի ուսանողները, մի շարք հանրակրթական դպրոցների աշակերտներ, անհատ քաղաքացիներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառահության պետ Գոռ Գասպարյանի տեղեկացմամբ՝ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության կողմից Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպել է արշավ դեպի Կարճաղբյուր գյուղի Քարե դուռ» ամրոցի տարածք :
Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպել է «Բաց երկնքի տակ» ֆիլմաշարից «Բերդկունք. Բագրատունինեի ամրոցը» ֆիլմի ցուցադրումը:
Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել է բանախոսություն «Նորատուսի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով, որին մասնակցել են Գավառի պետական համալսարանի, գյուղատնտեսաական քոլեջի և ավագ դպրոցի աշակերտները, գրադարանի աշխատակիցները։

«Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումը շարունակական ու ամենօրյա գործընթաց է, որը պահանջում է յուրաքանչյուրիս անմնացորդ սերն ու նվիրումը, ինչպես նաև՝ մասնագիտական հմտությունն ու կարողությունների զարգացումը»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։
Գեղամա աշխարհ