Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի ձեռքբերումները պետական աջակցության ծրագրի շրջանակներում 

 

2025 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում որոշակի ձեռքբերումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում։

Ինչպես հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,   «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում 2025 թվականին մարզում հավաստագրված սերմերով 2215.6 հեկտար գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային մշակաբույսերով  ցանք կատարած 336 շահառուներին, որպես սուբսիդիա, հատկացվել է շուրջ  166 միլիոն 108 հազար 610 դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 4 միլիոն  980 հազար 280 դրամ: Մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է ընտրանքային մոնիթորինգ՝ 368.3 հեկտարի  վրա:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սուբսիդավորվում է նաև աշնանացան ցորենի՝ բացառապես հավաստագրված սերմերով  ցանքերը՝ 1 հեկտարի հաշվով 80000 դրամի չափով: 2025 թվականին 2026 թվականի բերքի համար մարզում իրականացվել է 13329.4 հեկտար  աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3035.3 հեկտարով։  «Բուսաբուծության աջակցության  ծրագրի» շրջանակներում 2025 թվականի աշնանը կատարվել է  8370.8 հեկտար աշնանացան:

«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում  ձեռք է բերվել 128 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 45 միավոր տրակտոր և 1 միավոր կոմբայն: Լիզինգի գումարը կազմել է շուրջ 575 միլիոն դրամ։ Ծրագրի մեկնարկից տրամադրված լիզինգի համար նույն ժամանակահատվածում սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 68.2 միլիոն դրամ։

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի»  շրջանակում հաստատվել է Սևան համայնքի Գագարին բնակավայրի 1 շահառուի  հայտ՝ շուրջ 673 միլիոն դրամի չափով։

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակում Խաչաղբյուր գյուղում ներգրավվել է 2 վարկ՝ 14․5 միլիոն դրամի չափով , Գանձակ համայնքում՝ 10 միլիոն  դրամի վարկ։

 «Մեղվաբուծության զարգացման փորձնական» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 203 մեղվափեթակ (մեղվաընտանիքներով) և փոխհատուցվել է ընդհանուր 8 միլիոն 120 հազար  դրամ գումար։

 «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի» շրջանակում Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում գործունեություն ծավալող 1 իրավաբանական անձի կողմից ձեռք են բերվել 267 գլուխ տոհմային ոչխարներ, որի դիմաց  փոխհատուցվել է 60 միլիոն 75 հազար դրամ գումար, իսկ Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում գործունեություն ծավալող ԱՁ-ի կողմից ձեռք են բերվել 30 գլուխ տոհմային ոչխարներ, որի դիմաց  փոխհատուցվել է 3 միլիոն 325 հազար  դրամ գումար։

«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակում մարզի Սևան համայնքի Գեղամավան, Ծաղկունք, Չկալովկա, Զովաբեր, Լճաշեն, Սեմյոնովկա, Ծովագյուղ, Սևան բնակավայրերում 1 ընկերության  կողմից իրականացվել է 395 գլուխ կովերի արհեստական սերմնավորման միջոցառումներ, Կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 3 միլիոն 950 հազար դրամ:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է  ապահովագրական 4 պայմանագիր՝ 5 հեկտար տարածքի համար: Ապահովագրվել են կարտոֆիլ և հացահատիկ մշակաբույսերը՝ համապատասխանաբար կարկուտ և երաշտ ռիսկերից։

 «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրի» շրջանակում կնքվել է 1 պայմանագիր Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում՝ 5-30 հեկտար հողերի միավորման նպատակով։

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների  ծրագրի» շրջանակում փոխհատուցման բաղադրիչով կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ» 1 պայմանագիր՝ Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում 95-100 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված «Խելացի» անասնաշենքի կառուցման նպատակով։

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի» շրջանակներում մարզի համայնքներում համարակալվել են 21393 գլուխ խոշոր  և 121897 գլուխ մանր  եղջերավոր կենդանիներ:

Նշված գլխաքանակների համարակալման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 37 միլիոն  812 հազար 480 դրամ:

 «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի» շրջանակում մարզի համայնքներում պատվաստվել են  857866 գլուխ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ: Նշված գլխաքանակի պատվաստման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրված գումարը կազմում է 112 միլիոն  925 հազար  680 դրամ:

«Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  «Գյուղատնտեսական ծառայությունների կազմակերպություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով 8940 հեկտար վարելահողերում կատարված մշտադիտարկման արդյունքների հիման վրա մարզին տրամադրվել է թունանյութ՝ նշված վնասատուի դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նշված ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից   ֆինանսավորումը կազմել է 2 միլիոն  741 հազար 360 դրամ:

Գեղամա աշխարհ

21 դիտում