Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակ քաղաքում «Վորքաութ» տեսակի երեք մարզահրապարակ է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում  այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին «Վորքաութ» տեսակի երեք մարզահրապարակ է կառուցվել, որոնց բացման արարողությունը տեղի է ունեցել այս երկուշաբթի։

Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանի տեղեկացմամբ՝ մարզահրապարակների բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Գեղարքունիքի մարզպետի և Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Միջոցառման շրջանակում Հայաստանի «Սթրիթ վորքաութ» ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցուցադրելով, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից և մարզվել բակային պայմաններում:

Որոշ մարզասարքեր նաև հարմարեցված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, մասնավորապես՝ շարժասայլակով տեղաշարժվողների համար:

-Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում «Վորքաութ» մարզահրապարակների քանակի ավելացմանը: Նպատակը՝ փողոցային մարմնամարզությամբ  զբաղվելու մշակույթի ինտեգրումն է համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Նախատեսվում է նաև «Վորկաուտ Ակադեմիա» կրթական ծրագրի շրջանակում  դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2 մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց` «Վորքաութ» մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։

«Վորքաութ» տեսակի 3 մարզահրապարակներից մեկը բացվել է Վերին Ճամբարակ թաղամասում, երկրորդը՝ Բաղրամյան փողոցի բազմաբնակարան շենքերի բակում, երրորդը՝ Ճամբարակ քաղաքի ֆուտբոլի խաղադաշտի և եկեղեցու հարրող տարածքներում,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։

Գեղամա աշխարհ

11 դիտում